29 Mar 2016

Ստրկամտության համախտանիշ

Երբ ներկայիս Ամերիկյան դեսպանատունն ավարտվում է, և Ծովակալ Իսակովի արձանի մոտ առկա խաչմերուկից մտնում ես Նորագյուղ կոչվող թաղամաս, շրջադարձին կա մի կիսանդրի: Դա ռուս գեներալ Իվան Պասկևիչի կիսանդրին է: Իհարկե, ռուսական պատկանելությունն այստեղ վերապահումով ենք օգտագործում, քանի որ նույն հաջողությամբ նա կարող է դիտարկվել ուկրաինացի կամ լեհ: Ինչևէ, մեր խնդիրը չէ քննարկել նրա ազգությունը: Դասագրքերում նա նշվում է ռուս գեներալ, «երևանյան կոմս» տիտղոսի կրող: 

Ասենք ավելին, ոչ միայն այնտեղ տեղադրված է կիսանդրին, այլ նաև բլուրն է կոչվում Պասկևիչի անունով: Այս ամենը նորմալ կդիտարկվեր, եթե արված լիներ խորհրդային փուլում, այսպես ասված հայ-ռուս ժողովուրդների բարեկամության խորհուրդ, ապա ինչ-որ կերպ կհասկացվեր: Սակայն կիսանդրու բացումը և բլուրի վերանվանումը եղել է 2003 թվականին, ինչը, մեղմ ասած, չի տեղավորվում գիտական, մանկավարժական և սահմանադրական տրամաբանության շրջանակներում:

Իսկ ինչու այսքան երկար նախաբան: Գանք հերթով: Հայոց կողմնորոշումն առ հյուսիս փոխեց Իսրայել Օրին: Փաստենք, որ ռուսական զորքն առաջին անգամ Հայաստան ոտք դրեց 1804 թվականին, երբ ընթանում էր ռուս-պարսկական պատերազմը: Դասագրքերում և ավանդական պատմագրության մեջ այս դրվագը հիմնականում ներկայացվում է, որպես ռուս «ազատարարների» օգնությունը եղբայրական քրիստոնյա հայ ժողովրդին: 1804 թ․ հունվարին ռուսական զորքերը գեներալ Ցիցիանովի գլխավորությամբ գրավեցին Գանձակը, իսկ ամռանն ուղղություն վերցրին Արարատյան դաշտ՝ նպատակ ունենալով գրավել Երևանի բերդը։ 

Սա ցարական բանակի Երևանյան առաջին արշավանքն էր։ Հայերը, հավատալով իրենց պետականության վերականգնման ռուսների շռայլ խոստումներին, մեծապես օգնեցին ցարական բանակին՝ լեռնացնելով պարսից իշխանությունների ատելությունն ու թշնամանքը։ Էջմիածնի միաբանությունը սննդամթերքի հսկայական պաշարներ տրամադրեց պարենի կարիք ունեցող, թիկունքից կտրված ռուսական բանակին։ Ստեղծվեցին հայկական կամավորական հեծյալ խմբեր, որոնք ակտիվորեն ներգրավեցին պատերազմական գործողություններին՝ կռվելով Ցիցիանովի զորաբանակի առաջին շարքերում։ 1804-ի հունիսի 30-ին ռուսները Էջմիածնի մատույցներում ջարդեցին Ֆաթհ Ալի շահի որդու՝ թագաժառանգ Աբաս Միրզայի զորքերին, ապա մոտեցան Երևանին։ 

Բերդի պաշարումը տևեց երկու ամիս՝ հուլիսի 2-ից մինչև սեպտեմբերի 2-ը։ Պարսիկների դիմադրությունը կոտրել չհաջողվեց և Ցիցիանովն ստիպված հրամայեց նահանջել Թիֆլիս։ Նահանջի ճանապարհին, սակայն, ռուսները կողոպտեցին Սբ․ Էջմիածինը։
Ամենայն Հայոց կաթողիկոս Դանիել Ա Սուրմառեցին (1801-1808) գրում է․ «Եվ այն ինչ մտաք աստ այնպես տապալեալ և քայքայեալ, որ տեսողաց ամենից զսոսկումն և զդառնադառն կսկիծ և մորմոք առ բերեր ի սիրտս»։ Եկեղեցու դռները կոտրված էին, գանձեր գտնելու նպատակով պատ ու հատակ քանդված, շատ բան անարգված ու ջարդուփշուր արված, սուրբ մասունքներն աղբի հետ խառնված։ Ռուսական բանակն ինչ գտել՝ թալանել էր, տարել էր ոչ միայն թանկարժեք իրերը, ոսկեղենն ու արծաթեղենը, այլև միաբանների ուտելիքը, հագուստեղենը, նույնիսկ նրանց համեստ կահ-կարասին, ինչպես կաթողիկոսն է գրում, «ոչ ուտելոյ բան էին թողեալ մեզ, ոչ նստելոյ և ոչ ագանելոյ»։

Այս կողոպուտից մի քանի օր անց, Էջմիածին է այցելում Իրանի Ֆաթհ Ալի շահը, որը երեք օր մնալով այնտեղ, ոչ միայն եկեղեցին է կարգի բերում, այլև տեսնելով ռուսների հասցրած վնասի չափը՝ հրամայում է, որ կաթողիկոսարանն ու Վաղարշապատն առժամանակ ազատվեն հարկերից։
Սա պատմական իրականությունն է, և որևէ մեկը չի կարող այն կասկածի տակ դնել:

1805 թ․ մարտին, Շիրակը (Շորագյալի սուլթանություն) գրավելուց հետո, Էջմիածին է հասնում գեներալ Նեսվետաևը։ Նա երեք օր մնում է վանքում։ Մինաս Լազարյանին երկու հայ հոգևորականների գրած նամակից տեղեկանում ենք, որ գեներալը փնտրում-գտնում է վանքի թաքստոցները․ «բացեալ զամենայն զդրունս ծածուկ սենեկաց սրբոյ Աթոռոյն, ժողովեն զամենայն զօր ինչ գտանի, ուղղ ու ծուծն թալանեն»։ Տանում են ամբողջ զարդեղենը, գոհարեղենը, հոգևոր արարողությունների սպասքն ու հոգևորականների թանկարժեք, ոսկեկար հագուստները․․․ Վանքն այսպեսի կողոպուտի վաղուց չէր ենթարկվել։

Այսպիսի գործողություններ շարունակվեցին նաև հաջորդ պատերազմների ընթացքում: Կողոպուտները, բնակչության բռնի տեղահանությունները, թուրքերի և պարսիկների վերաբերմունքի կտրուկ վատթարացումը և դրան հաջորդած ողբերգական իրադարձությունները ռուսական գործելաոճի և հայկական քաղաքական կարճամտության հետևանք էին: Այս ամենն իհարկե պետք է տեղ գտնի դասագրքերում, եթե ոչ ամբողջական տեսքով, ապա գոնե այնքանով, որքանով որ չի խեղաթյուրի պատմության ընթացքը: Ընթերցողին չծանրաբեռնելու համար այլ մանրամասներ չենք ներկայացնում:

Այժմ գանք այն դրվագին, թե իրականում ի՞նչ պետք է սովորի սովորողն այս թեմաներից, որոնք հենց այնպես շրջանցել չենք կարող: Այսպես, կար ռուսական կայսրություն իր ծավալապաշտական քաղաքականությամբ, կար թուրքերի և պարսիկների կողմից նվաճված Հայաստան: Ռուսական կայսրության ընդլայնումը դեպի հարավ, պարզապես անցնում էր Հայաստանով ու այս պարագայում, ռուսներն իրականում դառնում էին ոչ թե սովորական ազատարարներ, իչպես փորձում է ներկայացվել, այլ հերթական նվաճողները: Սակայն պահի զավեշտը կայանում է այնտեղ, որ նվաճելուց հետո նրանք չհեռացան և այդ լուծը շարունակվում է շուրջ երկու հարյուր տարի: Այստեղ շատ կարևոր է այն հանգամանքը, որ սովորողը հասկանա հետևյալը՝ 1991-ի անկախացումից հետո, անկախության իմիտացիան մեզանում շատ կարճ տևեց: Մինչ այն պահը, երբ Ռուսաստանը կարգավորեց հետխորհրդային քաոսը և նորից վերահաստատեց իր դիրքերը Հայաստանում, այն դիտարկելով որպես իր հարավային սահման: Այսինքն, առաջանում է ընկալումների և գաղափարական ազատագրական պայքարի, ոչ թե զինված ազատագրական պայքարի խնդիր: 

Ներկայացնելով թեման այդ կերպ, ինչպես ներկայացված է դասագրքերում, մենք սովորողին զրկում ենք սուվերեն պետության քաղաքացի զգալու գիտակցումից, փոխարենը նրա մեջ հաստատում ենք համոզմունք առ այն, որ «առանց ռսի մենք կորած ենք», իսկ սա մեղմ ասած չի պատշաճում անկախ պետության քաղաքացուն: Թեման ընդամենը պետք է տա հետևյալը՝ կան աշխարհաքաղաքական և տարածարջանային շահեր, մի դեպքում մեր և Ռուսաստանի շահերը կարող են համընկնել, մեկ այլ դեպքում՝ ոչ: Առաջին դեպքում կարելի է համագործակցել, երկրորդի դեպքում ցույց տալ քաղաքական կեցվածք: Եվ վերջին, սկսած տասնիներորդ դարից, այդ պետությունն այս տարածաշրջանում ներկայացել է բացառապես իր շահերի տեսանկյունից, իսկ այդ շահերը, ցանկացած ստւգաբանության մեջ կոչվում են նվաճողական: Իսկ երբ հնազանդվում ես այդ շահերին, բայց փորձում ես այն ներկայացնել այլ լույսի ներքո, ստացվում է մի կեղծիք, որը չի դիմանում որևէ քննադատության: Սակայն մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ այդ կեղծիքն արդեն արմատացել է ու եթե չսկսենք փոխել հենց այս պահից, ապա հետագայում ոչինչ անել չենք կարողանա:


No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...